Category Archives: Կինոդերասաններ
Մաքս Լինդեր (Макс Линдер, Max Linder)
Կարիերա — Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
Ծննդյան ամսաթիվը — 1883 թ., դեկտեմբերի 16, աղեղնավոր
Ծննդավայր — Սեն- Լուբես, Ժիրոնդա, Ֆրանսիա
Մահվան ամսաթիվը — 1925թ., հոկտեմբերի 31 (41 տարեկանում)
Մահվան վայրը — Փարիզ, Ֆրանսիա
Ժանրեր — Կարճամետրաժ, կատակերգություն, դրամա
Ֆիլմերի քանակը — 248
Առաջին ֆիլմը — 1905 թ., «Չնախատեսված հանդիպում» (կարճամետրաժ)
Վերջին ֆիլմը — 1925 թ., «Chevalier Barkas»
Երբ 1904 թ. Բորդոյի երաժշտական ուսումնարանի դափնեկիր Մաքս Լինդերը (Գաբրիել Լըվիել) Կոմեդի ֆրանսեզում ընդունվելու երազանքով ներկայացավ Փարիզի երաժշտության և արտասանության կոնսերվատորիայի պրոֆեսոր Լուի Լելուարին, վերջինս մի քանի րոպե նրան ունկնդրելուց հետո բացականչեց. «Ոչինչ չեմ կարող ձեզ սովորեցնել, դուք երբևիցե դերասան չեք կարող դառնալ»:
Մի քանի տարի անց, սակայն, «ծիծաղի արքա» անունը վաստակած Լինդերը նույն այդ կոնսերվատորիայում ընտրվեց պրոֆեսոր և դարձավ իրեն «դերասանական տաղանդից ամբողջովին զուրկ» համարող Լելուարի պաշտոնակիցը:
Լինդերը ծնվել է 1883 թ. Սեն-Լուբեսում (Ֆրանսիա): Թատրոնը «նվաճելու» հաստատ մտադրությամբ Փարիզ ժամանած փոքրահասակ, թուլակազմ, սակայն գրավիչ և մեծ հմայքով օժտված Լինդերը սկզբնական շրջանում Վարիետե և ապա Ամպիգու թատրոններում հանդես է գալիս տասնյակ փոքր դերակատարումներով, որոնք, սակայն, անուշադրության մատնվեցին ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատության կողմից: 1905 թ. Լինդերը առաջին անգամ նկարահանվում է Լուի Գասնիեի «Մի դպրոցականի առաջին ելքը» կինոնկարում:
Յուրաքանչյուր ֆիլմի համար ստանալով 20 ֆրանկ վարձատրություն, Լինդերը խաղում է բազմաթիվ կարճամետրաժ ժապավեններում` «Առաջին սիգարը», «Պոլիշինելի առասպելը», «Կախվածը» և այլն, անսովոր անկեղծություն ու ջերմություն ներդնելով յուրաքանչյուր դերակատարման մեջ: Արժանանալով հայտնի կինոգործիչ Զեկկայի ուշադրությանը, Լինդերը սկսում է հանդես գալ ավելի առաջնակարգ դերերում: «Մի չմշկորդի սկզբնավորությունը» կինոնկարում (1907 թ.) Լինդերն ունեցավ աննախադեպ հաջողություն: Միևնույն ժամանակ հանդիսատեսին պարզ դարձավ, որ էկրանի այս նորահայտ վարպետը կինոաշխարհ էր եկել ծիծաղեցնելու համար: Լինդերի խոսուն, արտահայտիչ դիմախաղը, շարժումների նրբագեղությունը և վերջապես շքեղ հագնվածքը (սև թիկնոց, գծավոր տաբատ, բարձր գլխարկ, դեղնագույն ձեռնոցներ, փայլուն կոշիկներ և ձեռնափայտ) կոմիկական դերասանի մի նոր հասկացություն բերեցին կինո և շատ շուտով նա դարձավ կինեմատոգրաֆի ամենաժողովրդական ու սիրելի կատակերգուն:
«Մաքսը սավառնորդ», «Մաքսը մոլորված», «Մաքսը բռնցքամարտի ախոյան», «Մաքսի նշանածը» (1908-1914 թթ.) և այլ բազմաթիվ ֆիլմերում Լինդերը դուրս եկավ դերասանի պարտականության սահմաններից, դարձավ հեղինակ, գրեց սցենարներ, կոմիկական հնարանքներ, որոնցից հետագայում օգտվեց նաև Չարլզ Չապլինը:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լինդերը զորակոչվում է բանակ: Ծանր վիրավորվելով, նա ազատվում է հետագա ծառայությունից և վերադառնում ստուդիա: Սակայն մի նոր հանճար` Չապլինը նրան «գահընկեց» էր արել աշխարհի բոլոր էկրաններից: Ֆրանսիայում միայն երկու ֆիլմում նկարահանվելուց հետո («Մաքսը երկու կրակի մեջ», «Մաքսը և առնական ձեռքը»), Լինդերը հրավիրվում է Միացյալ Նահանգներ՝ նկարահանվելու հոլիվուդյան «Էսսենեյ» կինոընկերության ֆիլմերում:
Ոչ մեծ հաջողության արժանացած «Մաքսը Ամերիկայում», «Մաքսը և իր տաքսին» և «Մաքսը ցանկանում է բաժանվել կնոջից» ժապավեններում նկարահանվելուց հետո, Հոլիվուդ մուտք գործած եվրոպական ցամաքի առաջին դերասան Լինդերը պարտված և ուժասպառ վերադառնում է հայրենիք և նկարահանվում Ռեյմոն Բեռնարի «Փոքրիկ կաֆեն» կինոնկարում (1919 թ.): Սակայն ռևանշի ժամը հնչեց 1921 թ. և կրկին Հոլիվուդ մեկնելով նա իր դերասանական ողջ տաղանդը ցուցադրեց «Եղեք ինձ կին» (1921 թ.), «Սահմանափակ հրացանակիրը» (1922 թ.) և «Դժբախտության յոթ տարիները» (1923 թ.) ֆիլմերում: Չնայած այս կինոնկարները համարվեցին գլուխգործոցներ, սակայն չփրկեցին Լինդերի խամրած համբավը: Չապլինի օգնությամբ միայն այդ ֆիլմերը ցուցադրվեցին ամբողջ աշխարհում:
Լինդերը մասնակցություն է ունեցել շուրջ 300 կինոնկարում, սակայն կարճ ժամանակում Լինդերի ֆիլմերը դադարեցին հաջողություն ունենալ, ինչը ծանր հոգեկան ապրումների պատճառ դարձավ` ի վերջո հանգեցնելով ինքնասպանության: 1925 թ. օգոստոսի 31-ին հերթական ծանր հոգեկան դեպրեսիայի ժամանակ նա` իր քսանամյա կնոջ հետ վերջ տվեց իր կարճ կյանքին:1963 թ. Մոդ Մաքս Լինդերը նկարահանեց, մեզ հայտնի, «Մաքս Լինդերի ընկերակցությամբ» կինոնկարը` նվիրված իր հոր հիշատակին:
Անիտա Էկբերգ (Анита Экберг, Anita Ekberg)
Կարիերա — Դերասանուհի
Ծննդյան ամսաթիվը — 1931թ. սեպտեմբերի 29, Կշեռք
Ծննդավայր — Մալմյո, Շվեդիա
Մահվան ամսաթիվը — 2015թ., հունվարի 11 (83 տարեկանում)
Մահվան վայրը — Իտալիա, Ռոկկա դի Պապա
Ժանրեր — Կատակերգություն, դրամա, արկածային
Ֆիլմերի քանակը — Ընդհանուր` 95, որպես դերասանուհի` 61
Ամուսին — Էնթոնի Սթիլ (ամուսնալուծվել են), Ռիկ Վան Նատտեր (ամուսնալուծվել են)
Առաջին ֆիլմը — 1953 թ., «Անձնական քարտուղար» (սերիալ)
Վերջին ֆիլմը — 2001 թ., «Գեղեցկության սրահ» (սերիալ)
Լավագույն ֆիլմերը — «Քաղցր կյանք», «Բոկաչո 70», «Հարցազրույց»
1960 թ., երբ էկրան բարձրացավ իտալական «Քաղցր կյանք» ֆիլմը, ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին հայտարարեց. «Իմ այս գործով ցանկացել եմ ցույց տալ անարգ և անազնիվ անձնավորությունների, որպեսզի աշխարհի բոլոր ազնիվ մարդիկ դատապարտեն թեթև կյանքի երկրպագուներին»: Նման կերպար էր մարմնավորել կինոնկարի գլխավոր հերոսուհու դերակատար Անիտա Էկբերգը, որի մասին կինոքննադատներից մեկը իրավամբ ասել է. «Վճիտ գեղեցկությամբ այդ շվեդուհու հետ յուրաքանչյուր հանդիպմանը բերկրանքի մի զգացում է թափանցում հանդիսատեսի սիրտը»:
«Ամեն ինչով, — ասել է Ա. Էկբերգը, — պարտական եմ դիպվածին, որն ինձ օգնեց մտնել կինո այն ժամանակ, երբ գեղեցկությունից զատ ոչ մի առավելություն չունեի: Դժվար սկիզբ ունեցա: Չգիտեի ինչպես արտասանել բառերը, ինչպե՞ս բնական ձևով շարժվել: Ես պարզապես մի առարկա էի, որը չափազանց վախենում էր նկարահանող սարքից»:
Համառ, չընկճվող, իր ուժերին հավատացող դերասանուհին արտասովոր զարգացում ունեցավ՝ միայն մեկ տարում` 1957-ին նկարահանվեց վեց տարբեր ռեժիսորների կինոնկարներում, ինչպես՝ Տերենս Յանգի «Քաջ Զարակը», Գերդ Օսվալդի «Երկուսով Փարիզում», Ռոբերտ Բրանդի «Միմիայն խարտյաշները», Ջոն Ֆարոուի «Ոչնչությունից խույս տվողները» և այլն:
Անվիճելի հմայքով օժտված Էկբերգը միաժամանակ հակադրությունների դերասանուհի է. այդ են վկայում նրա կերտած կերպարները: Գուիդո Բրինյոնեի «Հռոմի նշանի ներքո» ֆիլմով (1960 թ.) Էկբերգի ստեղծագործական կյանքում սկսվեց նոր շրջան, և նա իր գեղարվեստական հարուստ ըմբռնումները դրսևորեց նաև դասական գործերում: Էկբերգը կամուրջ է կինոյի հին ու նոր դերասասնուհիների միջև: «Նա Գարբոյի և Ուեստի, Դիտրիխի և Մոնրոյի անզուգական խառնուրդն է», — այսպես են բնութագրել նրան տեսաբանները:
Էկբերգը ծնվել է Մալմյոյում, 1931 թ.: Տարիներ անց նա մեկնում է միացյալ նահանգներ, որտեղ որոշ ժամանակ աշխատում է որպես մանեկենուհի: Հեռոուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ պրոդյուսերները նկատում են նրան և առաջարկում նկարահանվել Հոլիվուդում: Էկբերգն առաջին անգամ նկարահանվեց ռեժիսոր Ուիլյամ Ուելմանի «Արյունոտ նրբանցքը» կինոժապավենում (1955 թ.): Նրա շռայլ տաղանդը հաստատված է Կինո Վիդորի «Պատերազմ և խաղաղություն» (1956 թ.), Ջոն Գիլինգի «Միջազգային ոստիկանություն» (1958 թ.), Ռոբերտ Օլդրիջի «Չորսը Տեխասի համար» (1964 թ.), Ֆրենկ Տաշլինի «Այբբենական սպանությունները» (1966 թ.), Լուիջի Սկատիի «Ապակե սֆինքս» (1967թ.), Լուչիանո Սալչեի «Ինչպես սովորեցի սիրել կանանց» (1972 թ.) և այլ կինոնկարներում: